Читать книгу Մատեան Ողբերգութեան - იაკობ ცურტაველი - Страница 35
ԲԱՆ ԺԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
ОглавлениеԱ
Արդ, ես ծնունդս մեղքի եւ մահացու երկունքի որդիս,
Արդարեւ պարտաւոր եմ մի օրուայ մէջ բիւր քանքարների տոյժը հատուցել:
Սակայն ոչ թէ մարդկային մտքի փոքրութեան համեմատ եմ ես ներումն հայցում,
Այլ փրկչիդ` Յիսուս Քրիստոսի աննուազելի լիութեան չափով եմ պաղատում մարդասիրութիւն:
Չկայի երբեմն, եւ ստեղծեցիր,
Ես աղաչեցի, եւ դու գոյացրիր,
Դեռ աշխարհ չեկած` տեսար դու ինձ,
Չէի յայտնուել, եւ դու գթացիր,
Չէի խնդրել ես` խնամարկեցիր,
Չէի բարձրացրել ձեռքս` նայեցիր,
Չէի պաղատել` եւ ողորմեցիր,
Չէի ձայն հանել, եւ դու լսեցիր,
Չէի հառաչել` եւ ունկնդրեցիր,
Գիտէիր, թէ ինչ կպատահի ինձ, եւ չանտեսեցիր,
Նախատես աչքով քո նկատեցիր չարագործութիւնը պատժապարտիս եւ յօրինեցիր ինձ:
Բ
Եւ արդ, ես, որ քո ստեղծածն եմ, քեզանով փրկուած
Եւ այնքան խնամօտ սիրովդ հոգացուած, -
Արա՛ դու այնպէս, որ չարահնար մեղքերի հարուածն ինձ դէպի կորուստ չտանի իսպառ:
Թող յամառութեան մառախուղը իմ` քո ներողութեան լոյսին չյաղթի,
Եւ ոչ էլ սրտիս կարծրութիւնը` քո երկայնամիտ համբերութեանը,
Եւ կամ մսեղէն այս մահկանացուն` քո լրութեանն ամենակատար,
Ոչ էլ նիւթեղէն տկարութիւնս իմ` քո բարձրութեանն անպարտելի:
Գ
Ահա՛, կարկամած բազուկն իմ հոգու կարկառում եմ ես քո անուամբ, հզօ՛ր,
Արա՛ այն առողջ, ինչպէս էր առաջ,
Երբ դրախտի փափկութեան մէջ կենաց պտուղն էի քաղում ես:
Ախտաւոր կնոջ նման կաշկանդուած, գոսացած ձեռքով,
Գլխիկոր, շուար եւ անուղղելի մեղքերով կքած թշուառ իմ հոգին
Սատանայական ամուր կապանքով ակնկոր, ահա,
Չի նայում վերեւ, որ քո երկնայնոց ողջոյնը չառնէ:
Խոնարհուիր վրաս, միայն ողորմած, եւ բարձրացրու ինձ`
Գետնահար ընկած ծառս բանաւոր.
Բարեվայելուչ կեանքով վերստին ծաղկեցրո՛ւ չորացեալիս,
Ըստ աստուածաբանութեան սուրբ մարգարէի:
Դ
Ինչպէս ի ծնէ լուսազուրկ մի կոյր` չունեմ տեսողութիւն,
Որ կարողանամ տեսնել արարչիդ դէմքն ու պաղատեմ,
Հզօ՛ր բարեգութ, դու միա՜յն պաշտպան,
Քո անճառ սիրոյ հոգածու, ակնարկն ինձ դարձընելով`
Շնչաւոր, խօսուն քո անօթի մէջ անէութիւնից լո՜յս գոյացրու դու:
Տասներկու տարուայ ախտով տառապած, տանջահար, տխուր
Կնոջ նման ես մեղքի արեան մէջ ողողւում եմ, տե՛ս.
Անմատոյց լոյսով քո պարածածկուած` նայիր բարձունքից,
Ուր չկայ քղանցք ձեռագործ վերարկուի, որին ես դիպչեմ,
Բայց ամէնուրեք տարածուած են քո հրաշքներն հզօր:
Ե
Մեղսոտ կնոջ պէս պատժապարտս ես
Օծման իւղով չէ, որ մօտենում եմ կենսաձիր ոտքիդ,
Կաթիլներն աչքիս գլխիս վարսերով բերելով ընծա, -
Այլ հաւատս անբիծ` իմ բազուկների վերամբարձումով, ստոյգ դաւանմամբ,
Հոգու ողջոյնով եւ փակ շուրթերով երկրպագելով:
Եւ աղբերահոս արցունքներիս հետ խառնելով նաեւ հեծեծանք, ահա,
Բժշկութիւն եմ աղերսում հոգուս:
Զ
Գոյութիւնն հոգուս` մեղկութեամբ լուծուած եւ քայքայուած է մեղքերով համակ,
Եւ մարմնիս շինուածքը իրենց վրայ վերցնող ոտքերս,
Որոնք քայլում են կաղալով տխեղծ ու խիստ անհաստատ,
Եւ որոնց չարը արգելք է լինում մտնելու ուղիղ -
Դէպի կենսաթիռ պտղաբեր ծառը տանող ճամփի մէջ, -
Զօրացրո՛ւ դարձեալ, ո՜վ ամենազօր, քանզի դո՛ւ միայն կարող ես փրկել:
Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ,
Ամրափակ խցմամբ կապեց, համրացրեց հողմը բանսարկուի:
Զգայուն հոգուդ մեծ ողորմութեամբ,
Ինչպէս բուժեցիր Աւետարանում յիշատակուածին,
Հրաշափառօրէն շնորհիր եւ ի՛նձ Բանդ կենդանի,
Որպէսզի ես էլ խօսեմ անսայթաք:
Է
Ախտով վարակուած` մեղքի մահիճն եմ ընկել ես, ինչպէս կենդանի մեռեալ.
Ի լուր ողբագին հեծեծանքներիս եւ թշուառութեանն իմ կարեկցելով,
Ո՜վ դու բարերար Որդի Աստծոյ,
Քո օրհնաբանուած աչքերի ցողով ինձ ոտքի՛ հանիր կրկին կենդանի,
Ինչպէս սիրելուդ` անշարժ ու անշունչ մեռելութիւնից:
Ստոյգ անօրէն եմ տարակուսեալ` մեղքի գուբն ընկած.
Ձեռքըդ ինձ տալով, արե՜ւ անստուեր,
Որդիդ բարձրեալի,
Քո ճաճանչափայլ լոյսի՛ն հանիր ինձ:
Ը
Ինչպէս աղեխարշ թշուառ ճիչերով, մատների տխուր տատանումներով
Կուրծքը ծեծելով, արցունք թափելով, տխրամած դէմքի տուայտանքներով
Իր միամօրիկ որդուն ողբացող Նայինի այրին, -
Ես էլ սրտագին, սաստիկ հեծութեամբ պաղատում եմ քեզ,
Տո՛ւր յուսահատիս քաջալերութիւն քո մխիթարիչ եւ գթոտ խօսքով,
Ասելով եւ ինձ, ո՜վ բարեբանեալ ստեղծիչ աշխարհի,
Թէ` "Մի՛ լար այդպէս սաստիկ ողբալի".
Որպէսզի կրկին կենդանացած այն պատանու հետ,
Որ սփոփեց վիշտն իրեն ծնող մօր,
Ես էլ քեզանով իմ ամենապարտ հոգին ընդունեմ վերանորոգուած:
Թ
Այսահարութեամբ անզգայացած, դիւալլուկ ու քարակոշկոճ,
Հեղձամղձուկ ու եղկելի, քստմնելի, գիսախռիւ մազերով,
Վայրենադէմ ու ցնորամիտ մարդկանց հետ, որոնց դու ողորմեցիր,
Ես էլ նրանց պէս քեզ պիտի դիմեմ, ամենափրկի՛չ:
Հեռու վանիր դու ապականարար գնդերը չարի մարմնիս խորանից,
Որպէսզի հասնի հոգին քո բարի եւ հանգստանայ այնտեղ վերստին,
Եւ մաքուր շնչով լցնելով մարմինս ու անդամներս`
Զգաստացնես ինձ` խելագարուածիս ամենաթշուառ:
Ժ
Դժոխաբնակ եւ վտարանդի հոգիների հետ գերուած` նաեւ ես
Արգելափակուած տառապում եմ խիստ:
Փառայեղ ճառագայթը քո ողորմութեան, լոյսդ իմ անձկալի,
Ծագելով վրաս` ինձ պառակտիչի կապերից փրկիր:
Վհատ կերպարանք է առել հոգիս,
Որ գաղտնորոգայթ եւ աներեւոյթ արահետներում մոլորաթափառ`
Գարշ իմ մեղքերով է հիւանդացած:
Իմ` չարագործի թոյնից գոյացած այտուցքներն անտես,
Որդի՛ Աստծոյ,
Քեզ միայն յատուկ քո կարողութեամբ առողջացրու դու գթասիրաբար:
Զանազանակերպ եւ բազմատեսակ ախտերն մահացու,
Որոնցից ամէն մէկն իր առանձին արդիւնքն ունի,
Եւ որ ժանտամատ շառաւիղներով հաստատուած են մեր անօրէն մարմնի մեղկ անդաստանում,
Ամենակալի քո ձեռքով թող որ կորզե՜ս արմատից,
Դու, որ արորով` մեր հոգիների դաշտերն անոպայ մշակում ես միշտ,
Որպէսզի կենաց քո խօսքը յաւէտ արդիւնաւորուի:
ԺԱ
Եւ քանզի ճարակող քաղցկեղի նման
Յանցանքներիս վէրքն այս իմ բերած օրինակները գերազանցեց,
Եւ ախտն ամբողջովին անդամներիս մէջ տարածուեց, -
Չիք սպեղանի, ինչպէս Իսրայէլին, որ դրուի անչափ իմ խարանների վրայ,
Ազդրերիս խարսխից մինչեւ ծայրն իմ անդամների կառուցուածքի`
Չի մնացել մի տեղ լիովին առողջ եւ բժշկելի:
Իսկ դու, ողորմա՜ծ, բարերար, օրհնեալ եւ երկայնամիտ թագաւոր անմահ,
Լսիր վշտահար սրտիս խղճալի պաղատանքներն այս,
Որ դառնահառաչ քեզ եմ ուղերձում իմ նեղութեան մէջ,
Տէ՛ր ամենակալ: